Հանրային իրազեկում Գավառում՝ հեպատիտների վերաբերյալ

24.07.2019

Սույն թվականի հուլիսի 27-ին, Գավառի պոլիկլինիկայի հարակից տարածքում, ժամը 14:00-18:00-ը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպությունը հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում նախատեսել է իրականացնել հանրային միջոցառում, որը նպատակ ունի հասարակության շրջանում բարձրացնել հեպատիտների վերաբերյալ իրազեկության մակարդակը, շեշտադրել պարբերաբար հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը և նվազեցնել վարակման վտանգները: Աշխարհում հեպատիտ Բ-ով, Ց-ով, նաև ՄԻԱՎ-ով վարակվածների մի զգալի մասը տեղյակ չէ իր կարգավիճակի մասին՝ պայմանավորված հիվանդությունների զարգացման կլինիկահամաճարակաբանական առանձնահատկություններով: Վարակվածությունը հայտնաբերելու համար անհրաժեշտ է անցնել համապատասխան լաբորատոր հետազոտություններ, ինչը հնարավորություն կտա նաև ժամանակին սկսելու անհրաժեշտ բուժումը և ձեռնարկելու քայլեր՝ վարակն այլոց չփախանցելու համար: Վերոհիշյալ միջոցառման ընթացքում բոլոր ցանկացողներին հնարավորություն կտրվի անցնելու խորհրդատվությամբ ուղեկցվող արագ, անանուն և անվճար հետազոտություններ ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ: Հետազոտությունը և խորհրդատվությունը տրամադրելու են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՁԻԱՀ-ի ԿՀԿ) մասնագետները: Տարածքում տեղադրվելու են շարժական կլինիկա և ՄԻԱՎ/հեպատիտների վերաբերյալ պաստառներ և իրազեկող նյութեր;