ԿԱՐԻՆԵ ԽԱՉԻԿՅԱՆ
ԱՐԾՐՈՒՆ ՍԱՇԱՅԻ ԴՎՈՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
ԱՐՄԵՆ ՍԱՄՎԵԼԻ ՂԱԶԱԶՅԱՆ
ՎԱՉԱԳԱՆ ՌՈԲԵՐՏԻ ՄԻՐԻԲՅԱՆ
ԱՐՏԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆ
ՊԱՐՈՒՅՐ ԳՈՒՐԳԵՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ՌԱՖԻԿԻ ԲԱԴԱԼՅԱՆ
ԿԱՄՈ ՀԱՄԼԵՏԻ ԵԴՈՅԱՆ
ՎԱՆԻԿ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԲԱԽՏԻԿՅԱՆ
Էջեր 1 - ը 2 - ից
Նախորդը1  |  2Հաջորդը

ԳԱՎԱՌԻ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆՈՒ  ԿԱՆՈՆԱԿԱՐԳ




I.    ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 1.1.Համայնքի ավագանին կազմավորված է համարվում, եթե ընտրվել են ավագանու  անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին:
 1.2.Համայնքի ավագանին  իր գործունեությունը  իրականացնելիս   ղեկավարում  է  «Տեղական  ինքնակառավարման  մարմինների  մասին»  ՀՀ  օրենքով, Սահմանադրությամբ  և  այլ  իրավական  ակտերով:
 1.3.Համայնքի ավագանին ընդունում է կանոնակարգը, որը կարգավորում է ավագանու գործունեությունը, նիստերի նախապատրաստումը  և անցկացումը: Ավագանու  նիստերն  անցկացվում  են  ոչ  պակաս,  քան  երկու  ամիսը  մեկ  անգամ: Ավագանին  կարող  է  անցկացնել արտահերթ նիստեր:
 1.4.Համայնքի ավագանին, իրեն վերապահված լիազորությունների  իրականացման համար, իր որոշմամբ կարող է ստեղծել մշտական գործող կամ ժամանակավոր հանձնաժողովներ:
 1.5.Համայնքի  ղեկավարը  համայնքի   նստավայրում անհրաժեշտ  պայմաններ  է ստեղծում  համայնքի  ավագանու´ սույն օրենքով ինչպես նաև ավագանու կանոնակարգով նախատեսված կարգով գործունեության  իրականացման  համար:
 1.6.Ավագանու նիստում  կարող  է  քննարկվել  համայնքի  շահերին  վերաբերվող  ցանկացած  հարց: Քննարկվող  հարցերի  վերաբերյալ  ավագանին  ընդունում   է  որոշումներ  և ուղերձներ: Օրենքով սահմնված դեպքերում ավագանին կազմում է արձանագրություններ:
 1.7.Համայնքի շահերին վերաբերվող, բայց իր իրավասություններից դուրս գտնվող հարցերի առնչությամբ  ավագանին կարող է ընդունել ուղերձներ´ ուղղված համայնքի բնակչությանը, համայնքի ղեկավարին , մարզպետին կամ պետական այլ մարմիններին:
 1.8.Պետական մարմիններն կամ համայնքի  ղեկավարն  ավագանու  ընդունած  ուղերձն ստանալու  օրվանից  մեկամսյա  ժամկետում  պարտավոր են  քննության  առնել  և  արդյունքների  մասին  պաշտոնապես  տեղեկացնել  ավագանուն:


II.    ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏԻ  ՕՐԱԿԱՐԳԸ  ԵՎ  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

2.1.Համայնքի  ավագանու նիստերի  օրակարգի նախագիծը  ձևավորում  են ՀԱՄԱՅՆՔԻ  ղեկավարը  և ավագանու  անդամները´  համայնքի  ղեկավարի,  աշխատակազմի  քարտուղարին  նիստից  առնվազն  հինգ օր  առաջ  ներկայացրած  գրավոր  հարցերից:
2.2.Հարցերի   հեղինակները  պետք  է  ներկայացնեն  որոշման  նախագծեր: Յուրաքանչյուր  նախագծին կցվում  են  դրա  ընդունման  անհրաժեշտության  հիմնավորումը  և  յուրաքանչյուր  որոշման  նախագծի  իրականացման  ֆինանսական  ծախսերի  նախահաշիվները:
 2.3.Նիստի  օրակարգի  նախագիծը,  դրանում  ընդգրկված  հարցերի  որոշման  նախագծերը  և  համապատասխան  փաստաթղթերը  նիստն  սկսվելուց  առնվազն  երեք  օր  առաջ  տրամադրվում  են  ավագանու  անդամներին:
 2.4.Նիստի  օրակարգը  հաստատվում  է  համայնքի  ավագանու  որոշմամբ:
III.    ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏԸ
 3.1.Հայմանքի  ավագանու նիստը հրավիրում և վարում է համայնքի ղեկավարը կամ պաշտոնակատարը. նրանք ունեն խորհրդակցական ձայնի իրավունք:
 3.2.Համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են ավագանու անդամների կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, կամ նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը և նիստը չի սկսվում, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները:
 3.3.Համայնքի ավագանու որոշումները և ուղերձներն ընդունվում են ավագանու նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
 3.4.Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են որոշման նախագծին  կողմ, դեմ և ձեռնպահ քվեարկած ավագանու անդամների ազգանուները, որոնց դիմաց նրանք ստորագրում են: Համայնքի ավագանու որոշումը կնքում է համայնքի ղեկավարը:
 3.5.Համայնքի ավագանու նիստը շարունակվում է  մինչև օրակարգի սպառումը: Նիստը կարող է ընդհատվել ավագանու որոշմամբ կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում:
 3.6.Համայնքի ավագանու նիստը դռնբաց է : Առանձին դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ նիստ:
 3.7.Համայնքի ավագանին նիստին կարող է հրավիրել և լսել ցանկացած անձի:Համայնքի ղեկավարի  հրավերով ավագանու նիստին մասնակցում են համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները:
 3.8.Համայնքի ավագանու որոշումների վերաբերյալ համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում ավագանուն կարող է ներկայացնել գրավոր առարկություններ և առաջարկությունները´ համապատասխան հիմնավորումներով, եթե ավագանու որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենքին կամ ավագանու նախկին որոշումներին:
 3.9. Եթե համայնքի ղեկավարն ավագանու որոշման դեմ առարկում է, ապա եռօրյա ժամկետում հրավիրում է ավագանու արտահերթ նիստ, իսկ որոշման կատարումը հետաձգվում է մինչև այդ նիստում ավագանու կողմից դրա քննարկումը: Ավագանին քննարկում է նշած առարկությունները և որոշում է ընդունում նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ: Նշված նիստում և նախատեսված  ժամկետներում  որոշումը չվերանայելու  կամ  ավագանու  նիստը  չկայանալու  դեպքում  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  և  ենթակա  է պարտադիր  կատարման:
3.10Համայնքի  ավագանու  որոշումները  համայնքի  ղեկավարը  կարող  է  բողոքարկել դատական  կարգով:

IV.    ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  ԱՐՏԱՀԵՐԹ  ՆԻՍՏԸ

4.1.Համայնքի  ավագանու  արտահերթ  նիստը  գումարում  է  համայնքի  ղեկավարը  կամ  նրա  պաշտոնակատարը´  իր  կամ  ավագանու  անդամների´  օրենքով  սահմանված  թվի առնվազն մեկ  երրորդի  նախաձեռնությամբ:
4.2.Ավագանու  արտահերթ  նիստն  անցկացվում  է  նախաձեռնողի  սահմանած  օրակարգով  և  ժամկետում:
4.3.Արտահերթ  նիստի  օրակարգը,  դրանում  ընդգրկված  հարցերի  որոշման  նախագծերը  և  համապատասխան  փաստաթղթերն  ավագանու  անդամներին  տրամադրվում  են  նիստից  մեկ  օր  առաջ:
4.4.Արտահերթ և հերթական նիստերում քննարկվող հարցերի որոշման նախագծերի ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերին  ներկայացվում են համանման պահանջներ:


V.    ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Համայնքի ավագանին  օրենքով սահմանված կարգով´
1)    ընդունում  է  իր  կանոնակարգը   օրենքի  պահանջներին  համապատասխան
2)    հաստատում  է  համայնքի  զարգացման  ծրագիրը.
3)    հաստատում  է  համայնքի  բյուջեն,  բյուջեի´  համայնքի  ղեկավարի   առաջարկած  փոփոխությունները  և  բյուջեի  կատարման տարեկան հաշվետվությունը.
4)    վերահսկում է համայնքի բուջեի կատարումը և համայնքի ստացած վարկերի ու այլ ներգրավված ֆինանսական միջոցների օգտագործումը.
5)    որոշում  է  կամավոր  լիազորությունների  իրականացման  կարգը  և  անհրաժեշտ  ֆինանսական  միջոցները´  համայնքի  ղեկավարի  ներկայացմամբ.
6)    նախաձեռնում և օրենքով սահմանված կարգով նշանակում է տեղական հանրաքվե.
7)    վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման  նկատմամբ
7.1.) դատական կարգով կարող է  վիճարկվել համայնքի ղեկավարի օրենքին և իրավական այլ ակտերին հակասող որոշումները.
8)    որոշում է համայնքի ղեկավարի վարձատրության չափը.
9)    որոշում է կայացնում առաջարկություն ներկայացնել մարզպետին, համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ.
10)    որոշում է կայացնում միջհամայնքային միավորումներ ձևավորելու մասին, ինչպես նաև առաջարկություն է ներկայացնում պետական լիազորված մարմին, այլ համայնքների հետ միավորելով նոր համայնք ստեղծելու վերաբերյալ:
11)    որոշում է կայացնում  միջհամայնքային միավորումում իր ներկայացուցիչը նշանակելու վերաբերյալ.
12)    որոշում  է  կայացնում  պետական  մարմիններց  և   պաշտոնատար  անձանցից  համայնքի  խնդիրներին  վերաբերող  և  օրենքով  սահմանված  գաղտնի  տեղեկություններ  չպարունակող  փաստաթղթեր ստանալու  վերաբերյալ:  Այդ  պահանջի  կատարումը  մեկամսյա  ժամկետում  պարտադիր  է  պետական  մարմինների  և  պաշտոնատար  անձանց  համար:
13)    որոշում  է  կայացնում  ավագանու  անդամի  լիազորությունների  վաղաժամկետ դադարեցման  վերաբերյալ.
14)    օրենքով  սահմանված  կարգով  որոշում  է  կայացնում  համայնքային  բյուջետային  հիմնարկների,  համայնքի  մասնակցությամբ  առևտրային  և  ոչ  առևտրային  կազմակերպությունների  ստեղծման  վերակազմակերպման  կամ  լուծարման  մասին.
15)    իր  որոշմամբ  համաձայնություն  է  տալիս  համայնքի ղեկավարի  ներկայացրած  բյուջետային  հիմնարկների  և  ոչ  առևտրային  կազմակերպությունների    ղեկավարների  թեկնածուներին.
16)    Հայաստանի  Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված  կարգով  հաստատում  է  համայնքի  մասնակցությամբ  առևտրային  կազմակերպությունների  խորհուրդների  և վերստուգիչ  մարմինների  կազմերը:Այդ մարմիններում  ավագանու առաջադրած ներկայացուցիչների   թիվը  կարող է լինել  միայն  կեսից պակաս.
17)    հաստատում է  առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի գործունեության համայնքային կանոնները´ օրենքով սահմանված կարգով.
18)    սահմանվում է  օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը.
19)    սահմանվում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը.
20)     համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարելու մասին, հաստատում է դրանց  վարձավճարների և օտարման գների չափերը և պայմանները, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում´  մեկնարկային գները.
21)    որոշում է կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկների ու կազմակերպությունների անվանման և վերանվանման վերաբերյալ.
22)    իր որոշմամբ վավերացնում է Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների համայնքների հետ համագործակցելու մասին պայմանագրերը:Համայնքների գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով որոշում է կայացնում համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամության վճարները մուծելու մասին.
23)    որոշում է կայացնում վարկերի և օրենքով սահմանված կարգով այլ միջոցների ներգրավման վերաբերյալ.
24)    որոշում է կայացնում  գյուղական  և քաղաքային համայնքների ավագանիների կողմից´ իրենց կանոնակարգերին համապատասխան Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու կամ պատվավոր կոչումից զրկելու վերաբեյալ.
25)    որոշում է կայացնում համայնքի զինանշանի վերաբերյալ.
26)    հաստատում է համայնքի ղեկավարի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը.
27)    հաստատում է քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերը և գոտիավորման փաստաթղթերը, ինչպես նաև «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքաշինական այն փաստաթղթերը, որոնց պատվիրատուն է համայնքը.
28)    հաստատում  է  բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը.
29)    հաստատում է համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը.
30)    պետական լիազորված մարմին  առաջարկություն է ներկայացնում կամ համաձայնություն է տալիս համայնքի անվանափոխության վերաբերյալ:Համայնքի ավագանին իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ  և օրենքով սահմնված այլ լիազորություններ:
VI.    ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

6.1.    Հայմանքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկությունը կարող է արվել համայնքի ավագանու  անդամների´ օրենքով սահմնված թվի առնվազն մեկ երրորդի գրավոր նախաձեռնությամբ:
6.2.    Այդ առաջարկությունը համայնքի ավագանին կարող է անել, եթե համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարելու կամ  պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի օրենքին կամ իրավական այլ ակտերին  հակասող մի շարք  որոշումները, կամ առկա է  համայնքի ղեկավարի կողմից ավագանու որոշումները պարբ երաբար խախտելու վերաբերյալ դատարանի օրինական մտած որոշումը:
6.3.    Համայնքի ղեկավարի պաշտոնանկ անելու առաջարկությունն  ընդունվում է ավագանու անդամների´ օրենքով սահմանված թվի ձայների կեսից ավելիով: Որոշումը եռօրյա ժամկետում  ուղարկվում է մարզպետին, դրան կցելով համայնքի ղեկավարի կարծիքը:
6.4.    Մարզպետը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին  համայնքից ստացած փաստաթղթերը  եռօրյա ժամկետում  ներկայացնում է կառավարություն´ կցելով իր կարծիքը:
6.5.    Համայնքի ավագանին համայնքի ղեկավարին  պաշտոնանկ անելու առաջարկությունը  կարող է քննարկել համայնքի ղեկավարի լիազորությունները  ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:


VII.    ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ
7.1.Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ´
7.1.1.Աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում, լինել համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավար:
7.1.2.Լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ:
7.1.3.Աշխատել իրավապահ, պետական անվտանգության և դատական մարմիններում: Սույն հոդվածով սահմանված, ինչպես նաև զինված ուժերում ծառայելու կամ ծառայության անցնելու դեպքում համայնքի ավագանու անդամը պարտավոր է մինչև ավագանու հերթական նիստը գրավոր հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները դադարեցվում են:

VIII.    ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

8.1.    Համայնքի ավագանին իրավունք  ունի´
8.1.1.Առաջարկություններ ներկայացնել ավագանու նիստերի օրակարգի  և քննարկվող հարցերի վերաբերյալ:
8.1.2.Նախապատրաստել և  ավագանու քննարկմանը ներկայացնել հարցեր, որոշումների և ուղերձների նախագծեր:
8.1.3.Համայնքի ղեկավարից պահանջել  և ստանալ նրա գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկանքներ:
8.1.4.Համայնքի ավագանու  և  համայնքի ղեկավարի որոշումները  կամ գործողությունները բողոքարկել դատարան,  եթե խախտվել  են նրա որպես ավագանու անդամի իրավունքները:
8.1.5.Ստանալ դրամական փոխհատուցում´ սույն օրենքով սահմանված կարգով  իր պարտականություններն իրականացնելու  հետևանքով  կատարած ծախսերի դիմաց:

IX.    ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

9.1.Համայնքի ավագանու անդամը պարտավոր է իր գործունեության ընթացքում առաջնորդվել օրենքով  և համայնքի բարօրությանն ուղղված համոզմունքով:   
9.2.Համայնքի ավագանու անդամը պարտավոր է´
9.2.1.Մասնակցել ավագանու նիստերին.
9.2.2.Պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին.
9.2.3.Մասնակցել ավագանու կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելություններին.
9.2.4.Չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների/ծնող, քույր, եղբայր, երեխա/ շահերին.
9.2.5.Անհամատեղելի պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանու կամ համայնքի ղեկավարին:

X.      ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

10.1.համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում  են, եթե´
10.1.1դադարեցվել է նրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
10.1.2.նա դադարել է համայնքի բնակիչ լինելուց
10.1.3.դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով, նա       դատապարտվել է ազատազրկման  և  կրում է պատիժը
10.1.4նա զորակոչվել կամ ծառայության է անցել զինված ուժերում
10.1.5.դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել
10.1.6նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում  
10.1.7.նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից
10.1.8.նա հրաժարական է տվել
10.1.9.նա մահացել է .    
10.2.բացառությամբ սույն հոդվածի 9-րդ կետի, սույն հոդվածով նախատեսված դեպքերում ավագանու անդամի լիազորությունները դադարեցվում են համայնքի ավագանու հերթական նիստը սկսվելու պահից: Դրա վերաբերյալ համայնքի ավագանին կազմում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու մյուս անդամները կամ համայնքի ղեկավարը
10.3.սույն հոդվածի 9-րդ կետով հախատեսված դեպքերում ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադրեցվում են ավագու որոշմամբ: Նիստ գումարելու անհնարինության դեպքում ավագանու մյուս անդամները կազմում են ավագանու անդամի լիազորությունների  դադարեցման մասին արձանագրություն:

XI.    ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՎԱՂԱԺԱՄԿԵՏ  ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

11.1. Եթե համայնքի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման հետևանքով անհնարին է դառնում համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը, ապա ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու մնացած անդամները կամ համայնքի ղեկավարը:
11.2.Տվյալ արձանագրությունը համապատասխան մարզպետի միջոցով ներկայացվում է պետական լիազորված մարմին: Կառավարությունը օրենքով սահմանված կարգով, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:
11.3Ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաև, եթե օրենքով սահմանված  կարգով  տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր:

XII.    ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
   Համայնքի ավագանու անդամը, իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց, իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում ՀՀ. ազգային ժողովի պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի  մինչև 30%-ի չափով:        

Ավագանու որոշումներ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
 
Հոդված 8.    Համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը
 
Համայնքի ավագանին իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ավագանու որոշած պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ:
Ավագանու նիստում կարող է քննարկվել համայնքի շահերին վերաբերող ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին կարող է ընդունել որոշումներ և ուղերձներ:
Համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի կապակցությամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ´ ուղղված համայնքի բնակչությանը, համայնքի ղեկավարին, մարզպետին կամ պետական այլ մարմնի:
 
Հոդված 9.    Համայնքի ավագանու նիստը
 
Համայնքի ավագանու նիստը վարում է համայնքի ղեկավարը, որն ունի խորհրդակցական ձայնի իրավունք:
Ավագանու նիստն իրավազոր է, եթե ներկա է ավագանու անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
Մարզպետը, իսկ Երևանում´ Երևանի քաղաքապետը, համայնքի ավագանու նիստին կարող է մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով:
Համայնքի ղեկավարի հրավերով ավագանու նիստին կարող են մասնակցել համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներ, իսկ ավագանու որոշմամբ´ նաև այլ անձինք:
Ավագանու նիստն անցկացվում է ավագանու կանոնակարգին համապատասխան:
Համայնքի ավագանու որոշումները և ուղերձները ընդունվում են ավագանու նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
Համայնքի ավագանու որոշումների մեկ օրինակը յոթնօրյա ժամկետում ուղարկվում է համապատասխան մարզպետարան:
 
Հոդված 10.    Ավագանու արտահերթ նիստը
 
Համայնքի ավագանու արտահերթ նիստ գումարում է համայնքի ղեկավարը´ իր, ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ մարզպետի, իսկ Երևանում´ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ:
Ավագանու արտահերթ նիստը համայնքի ղեկավարը գումարում է նախաձեռնողի կողմից սահմանված օրակարգով և ժամկետում:
 
Հոդված 11.    Նորընտիր ավագանու առաջին նիստը
 
Նորընտիր ավագանու առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան կազմավորման օրվանից քսան օրվա ընթացքում: Առաջին նիստը գումարում է համայնքի ղեկավարը:
Համայնքի ավագանին կազմավորված է, եթե ընտրվել է ավագանու անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
 
Հոդված 12.    Ավագանու իրավասությունը
 
Համայնքի ավագանին´
1) ընդունում է իր կանոնակարգը.
2) վերահսկում է համայնքի բյուջեի կատարումը և համայնքի կողմից ստացված վարկերի օգտագործումը.
3) սույն օրենքով սահմանված կարգով սահմանում է համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը.
4) սույն օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկություն է ներկայացնում մարզպետին.
5) պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջում է համայնքի խնդիրներին վերաբերող և օրենքով սահմանված գաղտնիք չպարունակող տեղեկություններ: Այդ պահանջը պարտադիր է պետական մարմինների և պաշտոնատար անձանց համար:
Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ´
1) հաստատում է համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքը.
2) համաձայնություն է տալիս համայնքային ենթակայության ձեռնարկություններ ստեղծելու մասին.
3) հավանություն է տալիս համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին.
4) հավանություն է տալիս հողերի օգտագործման սխեմային.
5) օրենսդրությանը համապատասխան համաձայնություն է տալիս առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության համայնքային կանոններին.
6) հաստատում է համայնքի տարեկան բյուջեն, բյուջեում կատարում է փոփոխություններ, համաձայնություն է տալիս բյուջեի ազատ միջոցներն օգտագործելու մասին, հաստատում է բյուջեի կատարման վերաբերյալ համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվությունը.
7) օրենքով սահմանված կարգով սահմանում է տեղական տուրքեր և վճարներ, համաձայնություն է տալիս համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության հանձնելու և օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների չափերը և աճուրդային եղանակով օտարվող գույքի մեկնարկային գինը.
8) հաստատում է համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը.
9) համաձայնություն է տալիս համայնքի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների անվանմանը և վերանվանմանը, տների, շենքերի և այլ շինությունների համարակալմանը.
10) հաստատում է համայնքի ղեկավարի´ այլ համայնքների հետ համագործակցության, միջհամայնքային միավորումներ ստեղծելու, այլ պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության մասին կնքած պայմանագրերը.
11) համաձայնություն է տալիս համայնքի ղեկավարի կողմից վարկային պայմանագրի կնքմանը:
Համայնքի ավագանին իրականացնում է Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Քաղաքային, գյուղական համայնքի ավագանին սահմանում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների համայնքի պատվավոր անդամի կոչում շնորհելու կարգը:
 
Հոդված 13.    Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու համայնքի ավագանու առաջարկությունը
 
Համայնքի ավագանին իր անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը:
Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունն ընդունվում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նշված որոշումն անհապաղ ուղարկվում է մարզպետին:
Մարզպետը եռօրյա ժամկետում պաշտոնանկ անելու մասին առաջարկությունը ներկայացնում է կառավարություն´ կցելով իր կարծիքը:
Կառավարությունում առաջարկության քննարկմանը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել ավագանու ներկայացուցիչը և համայնքի ղեկավարը:
Համայնքի ավագանին համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը կարող է քննարկել համայնքի ղեկավարի պաշտոնավարությունը սկսելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո և ոչ ավելի, քան տարին մեկ անգամ:
 
Հոդված 14.    Համայնքի ավագանու անդամի´ այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը
 
Համայնքի ավագանու անդամը չի կարող´
1) աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում կամ մարզպետարանում, համայնքային կամ մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավար.
2) լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ.
3) աշխատել իրավապահ մարմիններում, ծառայել զինված ուժերում:
 
Հոդված 15.    Համայնքի ավագանու անդամի իրավունքները
 
Համայնքի ավագանու անդամն իրավունք ունի´
1) առաջարկություններ ներկայացնել ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.
2) նախապատրաստել և ավագանու քննարկմանը ներկայացնել հարցեր, որոշումների և ուղերձների նախագծեր.
3) համայնքի ղեկավարից պահանջել և ստանալ նրա գործունեության վերաբերյալ պաշտոնեական տեղեկանքներ:
 
Հոդված 16.    Համայնքի ավագանու անդամի պարտականությունները
 
Համայնքի ավագանու անդամը պարտավոր է´
1) մասնակցել ավագանու նիստերին.
2) պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին.
3) մասնակցել քաղաքացիների´ ավագանու կողմից անցկացվելիք ընդունելություններին:
 
Հոդված 17.    Համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը
 
Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե´
1) նա հրաժարական է տվել.
2) դադարեցվել է նրա´ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
3) նրա նկատմամբ օրինական ուժի մեջ է մտել դատարանի մեղադրական դատավճիռը.
4) նա զորակոչվել կամ ծառայության է անցել զինված ուժերում.
5) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մեռած է ճանաչվել.
6) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.
7) նա մահացել է:
Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումն երկարաձգվում է ավագանու կողմից:
Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու կողմից, եթե նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի քվեարկությունների կեսից:

Powered by Yweb All rights Reserved. Copyright© 2010