Պատմում են քարե հուշարձանները


Առաջինն աչքի է ընկնում Բերդի գլուխը, որտեղ քարաժայռի գլխին դեռ պահպանվում են մինչուրարտական բերդ-շենի մնացորդները։ Բերդ-շենից ոչ հեռու քարայրն է, որը նույնպես պահպանվել է ոչ վատ։
Քաղաքի տարբեր մասերում կարելի է տեսնել հուշարձաններ, որոնց մի մասը կրում են արձանագրություններ։ Ուշագրավ հուշարձանններ կան քա¬ղաքի հնադարյան գերեզմանոցում։
Ձորամիջի գերեզմանատուն - Գտնվում է քաղաքի ամենահին՝ Բանդի թաղի եզրին, Ղշլաղ տանող խճուղու կողքին, գետի ձախ ափին։ Գերեզմանատան հուշարձանները մեծամասամբ տեղաշարժ են արված։ Կասկած չկա, որ բախտախնդիր մարդիկ քարերի տակ հանգուցյալների հետ թաղված գանձ են որոնել։ Հետագայում տեղահանված, օտար, բիրտ ձեռքերով այս ու այնտեղ շպրտված խաչքարերը տեղացիները հավաքեցին գերեզմանատան կենտրոնում կառուցված մատուռում։
Քաղաքի հարավ-արևմտյան թաղամասում, որը կոչվում է Խաչերի թաղ, եղել են մեծ թվով խաչքարեր, որից թաղամասն ստացել է իր անվանումը։ Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում են խաչքարերը վերացել, տեղեկություն չկա։ Դրանցից միայն մեկը Սեդրակ Բարխուդարյանը հայտնաբերեց մի տան բակում, որը, ըստ թվագրության, 13-րդ դարի խաչքար է։ Դրանից նա եզրակացնում է, որ տարված խաչքարերը նույնպես առնվազն 13-րդ դարի հուշարձաններ են։
Նորեկների համար ուշագրավ հնագիտական թանգարան է Բերդի գլուխ կոչված եռանկյունի տարածքի հարթությունը, որտեղ նախաուրարտական բերդ-շենն է։ Այստեղ տարածված է միջնադարյան գերեզմանոցը։ Եռանկյունու արևմտյան մասում պահպանվում են հիանալի քանդակներով խաչքարեր, որոնք պատկանում են Գավառի երբեմնի տանուտերերին ու նրանց տոհմակիցներին։ Այստեղ առանձնանում է ս. Աստվածածնի մոտի խաչքարը, Գավառի ստվի ե եկեղեցու շինության վերաբերյալ կարեոր արձանագրությամբ, որը թվագրվում է 1374 թվականով։
Բանդի թաղում հայտնաբերված խաչքարերից շատերը, կորստից փրկելու, պահպանելու համար, 1848թ. ագուցվեցին նորակառույց եկեղեցու պատերի մեջ։ Դրանցից երկուսն ունեն արձանագրություններ։
Բազմաթիվ խաչքարեր կային այն ժամանակ դեպի Արծվաքար տանող ճանապարհի եզրին։
Մարզի տարածքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են բնական հուշարձանները´ խառնարանային լճերը, խարամային կոները, ընդարձակ «քարային ծովերը»: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Սևանա լճից ազատված տարածքներում հայտնաբերված մինչև 5000-ամյա հնության դամբարանները: Սևանա լիճն իր հերթին շրջապատված է պատմական արժեք ներկայացնող բազմաթիվ եկեղեցիներով, որոնցից առավել հայտնիներն են Հայրավանքի եկեղեցին, Մաքենիսի վանքը, Վանևանի և Սևանի թերակղզու վանական համալիրները:
Powered by Yweb All rights Reserved. Copyright© 2010