Ազգային ծեսեր, տոներ


19-րդ դարի 30-ական թվականներին Հայոց աշխարհի Գեղարքունյաց գավառում բնակություն հաստատեց հայ ժողովրդի մի ստվար հատված (շուրջ 2000 ընտանիք)։ Դա վերաբնակություն էր նույն Հայոց աշխարհի պատմական Դարույնք գավառից Արևելյան Հայաստան։ Հաստատվելով Սևանի ավազանի ազատ տարածքներում՝ վերաշինեցին նաե քաղաքը, հին հայրենիքի օրինակով՝ ապրելով հոծ զանգվածով։ Նրանք հավատարիմ մնացին հնամենի ավանդներին, պահպանեցին ու իրենց հետնորդներին փոխանցեցին հին հայրենիքի ծեսերն ու սովորությունները, տոներն ու խաղերը, վիպերգն ու հեքիաթները, երգն ու երաժշտությունը, անեծքն ու օրհնանքը։ Բնականաբար ադ բոլորը նրանք հարմարեցրին նոր բնաաշխարհագրական միջավայրին և պայմաններին։ Նոր բայազետցիների նյութական ու հոգևոր մշակույթը համահունչ է համազգայինին՝ ենթարկվելով հասարակական-տնտեսական զարգացմանը։ Պահպանվել է հատկապես բարբառը և քյավառցու ազգագրական կերպարն, որն այնքան հումորահարույց, հանրաճանաչ ու հարազատ է ողջ հայությանը։ Պահպանվել են որոշ փաստեր Հին Բայազետի ժողովրդական երգիչ-աշուղների վերաբերյալ։ Ուշագրավ է այն, որ մեր ազգային էպոսը կենցաղավարվել է նաև Հին Բայազետում ու ժողովրդի հիշողության ծալքերում ամուր արմատներ ձգած եկել հասել է 20-րդ դարի 70-ական թվականները։
Նոր Բայազետ քաղաքի և ամբողջ գավառի ազգագրության ու բանահյուսության հանդեպ հետաքրքրությունն սկսվել է ազգային ինքնագիտակցության զարթոնքի ու վերելքի հետ միասին։ Ազգային ծեսը, սովորությունը, վեպն ու հեքիաթը, տոնն ու խաղը արժեքավորվել են իբրև ազգային ինքնուրույն դրսևորումներ ու վկայություններ, ինքնահասւոատման ու ազգապահպանման կարևոր գործոններ։ Այդ նշանակությունը, դերն ու գործառույթը պահպանվում են նաև մեր անկայուն ժամանակներում։ Այդ իսկ առումով անհրաժեշտ է ոչ միայն հավաքել, գրի առնել ու տպագրել նյութական ու հոգևոր մշակույթի պահպանված արժեքները, այլև պրոպագանդել։
Քաղաքի բանահյուսությունից որոշ նմուշներ՝ հարսանեկան երգեր, առաջին անգամ հրատարակել է Տ. Նավասարդյանը «Հայ ժողովրդական ավանդություններ» առաջին գրքում (Երևան, 1883)։ Երգերը հավաքել և ուղարկել է նրան նորբայազետցի Ս. Բատիկյանը ի պատասխան հրատարակչի կոչի՝ փրկել հայրենի հոգևոր մշակույթի գանձերը։
Մարդու կյանքի երեք կարևոր հանգամանքները՝ ծնունդն, ամուսնությունն ու մահը, ուղեկցվել ու ուղեկցվում են բարդ արարողություններով, նշանավորվում հանդիսություններով։ Տակավին ոչ հեռավոր անցյալում (19-րդ դար) այդ արարողությունները կրում էին ծիսահմայական բնույթ և ունեին որոշակի նպատակադրում, մանկանն ու մորը պաշտապանել չար ուժերից, ապահովել մանկան բնականոն աճը, նորապսակներին նույնպես պաշտպանել չար ուժերից ու նպաստել ընտանիքի բարգավաճմանն ու բազմացմանը, գովաբանել հանգուցյալին, որպեսզի նա հովանավորի ողջերին, չվնասի ընտանիքին։
Նախքան ամուսնությունը, հարսանեկան արարողությունները տեղի են ունենում մի շարք այլ արարողություններ։ Անցյալում հարսնացուին ընտրում էր տղայի մայրը, մեծ մասամբ եկեղեցիներում, ուխտավայրերում, հարսանիքնե¬րում։ Այժմ աղջկատես կոչված սովորությունը գրեթե դուրս է մղվել։ Հարսնացու ընտրելիս աչքի առաջ էին ունենում նրա մոր արժանիքները։ Խնամախոս՝ աղջիկ ուզելու, գնում էին տղայի հայրը, հորեղբայրը կամ՛ քեռին, փեսան։ Դրական պատասխանը մեծ մասամբ նախապես համաձայնեցված էր լինում։ Խնամախոս գնացողները, գնալով հարսնացուի տուն, շեմին կանգնում էին ու ասում. «Եկա, հա, աջ ոտքս եմ գցում»։ «Բարով ես եկեր ես, Աստված խերլի անա»,- աղջկա ծնողների պատասխանը լսելով, մտնում էին ներս։ Համաձայնություն կայացնելով, աղջկա հորն էին հանձնում մի ոսկե մատանի, հյուրա¬սիրվում ու գնում։ Իսկ, եթե մերժում էին ստանում, ասվում էր. «Մեր աղջիկը փոքր է, քնում ա, չի զարթնում»։ Սեղան չէին բացում։
Նշանդրեքը լինում էր բազմամարդ, քավորի ու հաճախ աղջկա կողմի քահանայի ներկայությամբ։ «Շեն կենա» բացականչությունների ուղեկցությամբ ցուցադրվում էին հարսնացուի համար բերված ընծաները։ Հարսնացուի ծնողները նվերներ էին տալիս փեսացուի տղամարդ բարեկամներին։ Ապա ընթրում էին տղամարդիկ ու կանայք առանձին-առանձին, կլոր պար գյովնդ էին պարում բոլորը, առավոտվա դեմ ցրվում։
Հարսնատես, փեսախում, հարսհանեք կոչվող արարողությունները մեր օրերում գրեթե մոռացվել են։
Մինչև հարսանիքը տարվա որոշակի օրերին՝ Բարեկենդանին, Ծաղկազարդին, Լուսավորչին, Համբարձմանը, Աստվածածնին ու Սուրբխաչին փեսացուի տնից հարսնացուին բաժին՝ փայ են ուղարկում, նվերներ, գլխաշոր, կոշիկ, զարդ, թխվածք, քաղցրավենիք և այլն։ Նվիրատուն հարսնացուի տանը հյուրասիրվում էր։ Հատուկ նշանակություն էր տրվում Ծաղկազարդի փային, որը հարսնացուին էր հանձնվում եկեղեցում ապագա սկեսրոջ կողմից։ Այս սովորությունը ես մոռացության է մատնվել։ Այսօր հարսնացուն նվեր է ստանում ժամանակակից տոների ժամանակ։
Powered by Yweb All rights Reserved. Copyright© 2010