Գավառի անվան ծագումը

Գավառ անվան առաջին վկայությունը մի հին խաչքար է´ հին գերեզմանատան ս. Ստեփանոս մատուռի վրա: Պատվանդանին պահպանված է հետևյալ փորագրությունը. «Ի թիվ ԲՃՂԱ ես ամիրա Վասակս որդի Վասիլ իշխանի շինեցի զեկեղեցիս և զգավառայ առուն հանեցի ձորերեն և սարերեն»:
ԲՃՂԱ - Սմբատյանցի կողմից թվագրվում է 291թ. ավելացնելով հայկական տոմարի 551 թիվը, ստանում ենք խաչքարի պատրաստման ժամանակաշրջանը´ 842 թվական: Դատելով ստուգաբանությունից, Գավառնին նախաուրարտական տեղանուն է, ծագում է ցեղանունից: Ի վերջո Գավառնի պետք է հասկանալ (Գավ)´ գավառցիների բնակավայր: Շատերը, այդ թվում գիտության շատ գործիչներ, Գավառի «Քյավառ» արտահայտչաձևը համարում են թուրքական, սակայն դա կապ չունի թուրքի ու թուրքերենի հետ:
Դա պարզ հնչյունափոխությամբ բարբառային արտահայտչաձև է: Քյավառ արտահայտչաձևում մենք տեսնում ենք բնակչության ազգագրական առանձնակի դիմանկարը, նրա եսական կոլորիտը, միայն տվյալ քաղաքի բնակիչներին հատուկ կողմերով, վարք ու բարքով, նիստ ու կացով: Քյավառը հոգեհարազատ տեղանուն է, որն իր մեջ պարունակում է պարզություն, ժպիտ, մտերմություն: Կարծում ենք ինչ անունով էլ Գավառը կոչեն´ Գավառ, Գավառնի թե Գավառանի, Քյավառ բարեհունչ ու կենսահաստատ անունը պահպանելու է:
Powered by Yweb All rights Reserved. Copyright© 2010