ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ

1945թ. Նոր Բայազետում բացվեց երաժշտական դպրոց´ Համաքաղաքացի Կարո Մուսոյանի նախաձեռնությամբ: Դպրոցը գործեց իր ավանդույթներով և սովորություններով, որոնք շարունակվեցին և հասան մինչև մեր օրերը: Այժմ դպրոցը, որը արդեն գոյատևում է 63 տարի, կոչվում է
Հ. Թալալյանի անվամբ: Դպրոցը անցել է երկար ճանապարհ, ունեցել է հազարից ավելի շրջանավարտներ, որոնք ավարտելով դպրոցը, իրենց ուսումը շարունակել են բարձրագույն ուսումնական հաստատություններում, և ավարտելով այն´ աշխատել են իրենց հարազատ դպրոցում: Տարիների ընթացքում դպրոցը ձեռք է բերել բավականին առաջխաղացում և հաջողություններ: Եղել է մարզային երաժշտական դպրոցների փոխանակման և մեթոդական կենտրոն, մասնակցել է բազմաթիվ մրցույթ-փառատոնների, մարզային, հանրապետական´ ունենալով մեծ հաջողություններ, հատկապես վերջին ժամանակներում: Սպենդիարյանի անվան հանրապետական մրցույթ-փառատոնի դափնեկիրներ են Տիգրան Մնեյանը, /ժող. գործիքների բաժնից/, Նելլի Նադարյանը, Սոնա Մերթարչյանը /դաշնամուրային բաժին/:
Մարզային մրցույթ-փառատոնի առաջին կարգի մրցանակիրներ´ Սոնա Մերթարչյան, Մերի Նիկոլյան, Մելիք Սարոյան, Հովհաննես Ադամյան, Տիգրան Մնեյան, երկրորդ կարգի մրցանակիր´ Նելլի Նադարյան: «Երգող Հայաստան» մրցույթ-փառատոնի 2-րդ կարգի մրցանակակիրներ /անհատ կատարողներ Գևորգ Գևորգյան, Գոհար Կարապետյան/, դպրոցի երգչախումբ´ 3-րդ կարգի մրցանակակիր /ղեկավար Ս. Դեղոյան/, տարվա հանրապետության լավագույն նվագակցող´ Արփինե Զարգարյան/ դպրոցի տնօրեն/:

Այսքանով չեն սահմանափակվում դպրոցի անելիքները, միջոցառումներն ու հաջողությունները, որոնք դեռ առջևում են: Ներկայումս դպրոցում գործում է դաշնամուրային, ջութակի, դուդուկի, շվիի, կլառնետի, ակորդեոնի, վոկալի, դհոլի բաժիններ: Դպրոցում սովորում են 120 աշակերտներ, որոնք ջանք չեն խնայում իրենց լավ սովորելով բարձր մակարդակի վրա պահել դպրոցի անունը: Դպրոցում իրենց բարձր առաջադիմությամբ աչքի են ընկնում մի շարք լավագույն աշակերտներ´ Հովհաննես Ադամյան, Գևորգ Գևորգյան, Մերի Նիկոլյան, Նելլի Նադարյան, Անուշ Դավթյան, Սոնա Մերթարչյան, Մելիք Սարոյան, Տիգրան Մնեյան և այլն:
Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցը մարզում համարվում է հենակետային, այստեղ պարբերաբար կազմակերպվում են մեթոդական դաս- պարապմունքներ, վարպետաց դասեր, որոնք նպաստում են մարզի երաժիշտների մասնագիտական որակի բարձրացմանը: Նույն դպրոցում են աշխատում ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակույթի կրթության աջակցության հիմնադրամ»-ի Գեղարքունիքի մարզային ներկայացուցիչ´ Արփինե Զարգարյանը եւ նույն հիմնադրամի մեթոդիստ´ Կարեն Սիրականյանը:
Powered by Yweb All rights Reserved. Copyright© 2010