Գավառ
Գավառը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արեւելյան լանջին, Գավառագետի ստորին հոսանքի ավազանում:
Բնակավայրի անվանումը - Գավառ
Պետությունը - Հայաստանի Հանրապետություն
Մարզը - Գեղարքունիքի մարզ
Բնակավայրի կարգավիճակը - Քաղաք: Գեղարքունիքի մարզային կենտրոն
Քաղաքային բնակչության թիվը - 2001թ. - 22,444 մարդ:
Գավառն ընդգրկում է - 7 քառ կմ տարածք:
Հեռավորությունը Երեւանից - 98կմ:
Սեվան երկաթուղային կայարանից - 36կմ:
Սեյսմիկությունը - 8բալ, առավելագույնը 9 բալ:
Ծովի մակերեւույթից բարձր է - 2000 մ:
Մարզի տարածքի առավելագույն բարձրությունը - 3598 մ (Աժդահակ լեռ)
ԳԱՎԱՌ
Քաղաքային համայնք Գեղարքունիքի մարզում: 1995թ. վարչատարածքային նոր բաժանումից հետո ունի մարզկենտրոնի կարգավիճակ: Նախկինում մտել է Երևանի նահանգի Նոր Բայազետ գավառի մեջ´ դառնալով նրա կենտրոնը: Հնում ունեցել է Բայազեդ Նոր, Բայայեզեթ Նոր, Գավառ, Նոր Բայազետ, Նոր Պայազիտ, Քյավառ, Կամո անվանումները: Քաղաքի կարգավիճակ ունի 1850թ.-ից: 1959թ.-ին վերանվանվել է Կամո, իսկ 1991թ.-ին´ ստացել է Գավառ անվանումը: Նախկինում բնակավայրի Գավառ անվանումը տեղացիների կողմից աղավաղվելով դարձել է Քյավառ: 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբին Նոր Բայազետը եղել է բավական աշխույժ առևտրի կենտրոն, այստեղ պարբերաբար կազմակերպվել են կիրակնօրյա շուկաներ, որտեղ վաճառվել են խոշոր և մանր եղջերավոր անասուններ, գյուղատնտեսական մթերքներ, ինչպես նաև իշխան ձուկ, որի որսի մենաշնորհը պատկանում էր բայազետցիներին: Նոր Բայազետում գործել են 10-ից ավելի արհեստներ:
Գավառը տեղադրված է Սևանա լճի ափից 7-8 կմ հեռավորության վրա, Գավառագետի ընդարձակ հարթավայրում´ ծովի մակարդակից 1965 մ բարձրության վրա: Շրջակայքում Գավառագետն առաջացրել է ճահիճներ: Կլիման բարեխառն լեռնային է´ ցուրտ խստաշունչ ձմեռներով, տաք ամառներով: Հունվարի միջին ջերմաստիճանը -80-90, հուլիսին´ 170-180: Տարեկան թափվում են 450 մմ տեղումներ: Ունի հանքային բուժիչ աղբյուրներ: Շրջակայքում կան բազալտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն:
Քաղաքի շրջակայքում հայտնաբերված հնություններից պարզվել է, որ Գավառը բնակավայր է եղել շատ վաղ ժամանակներից: Այստեղ կան դեռևս ուրարտական շրջանի հնությունների մնացորդներ, որոնցից առավել հիշատակության է արժանի բերդը, որը պահպանվում է մինչ օրս: Միջին դարերում այստեղ գտնվել է Գավառի ավանը, որը եղել է Դվին մայրաքաղաքից դեպի Պարտավ տանող քարավանային ճանապարհի կայանատեղիներից: Շահ Աբասի արշավանքներից հետո բնակավայրն ամայացել է և կրկին վերաբնակեցվել է Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից գաղթած բնակիչների կողմից և ստացել է Նոր Բայազետ անվանումը:
Գավառը 1831թ.-ին ունեցել է 1346, 1897թ.-ին´ 8486, 1926թ.-ին´ 8447, 1939թ.-ին´ 8277, 1959թ.-ին´ 8751, 1974թ.-ին´ 21382 բնակիչ´ գերազանցապես հայեր: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2001թ.-ին քաղաքի բնակչությունը կազմել է 26,3 հազար բնակիչ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք´ 53%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ´ 25%, աշխատունակներ´ 60%, հետաշխատունակներ´ 15%:
Քաղաքն ունի մոտ մեկ տասնյակի հասնող հանրակրթական դպրոցներ, երաժշտական դպրոց, մշակույթի տներ, գավառագիտական թանգարան, ԵՊՀ մասնաճյուղ, մարզադպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոց և պոլիկլինիկա:
Կլիմայական բարենպաստ պայմանները, խմելու սառնորակ ջուրը և լճի մոտիկությունը Գավառի համար դարձել են նախադրյալներ´ քաղաքում առողջարանային տնտեսություն ստեղծման և զարգացման համար:
Քաղաքն ունի զարգացած տնտեսություն, որի մասնագիտացման ուղղությունն արդյունաբերությունն է: Այստեղ զարգացած են էլեկտրատեխնիկական, սարքաշինական, սննդի և թեթև արդյունաբերության, հանքային ջրերի, մսի և մսամթերքի, պանրի, գորգագործական և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ճյուղերը: Ունի կաբելի գործարան:
Բազմաճյուղ և ինտենսիվ զարգացած է գյուղատնտեսությունը: Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը´ 3787հա և խոտհարքերը´ 2868հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 912 և 6438 հեկտար: Քաղաքի գյուղատնտեսության ճյուղերից են դաշտավարությունը, բանջարաբուծությունը, ծխախոտագործությունը և պտղաբուծությունը: Մշակում են կարտոֆիլ ու կերային կուլտուրաներ: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ ու թռչնաբուծությամբ: Գավառն ունի ձկնաբուծարան, որտեղ բուծում են իշխան, ապա մանր ձկնիկներին բաց թողնում Սևանա լիճ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է դպրոցի և դպրոցական գույքի վերանորոգումը, ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, ներքաղաքային ճանապարհների վերանորոգումը և փողոցների գիշերային լուսավորության հարցը: Առաջնային է համարվում նաև մշակութային կոթողների վերանորոգումը:
Powered by Yweb All rights Reserved. Copyright© 2010