ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ ԵՎ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

05.08.2018

Օգոստոսի 3-ին Գավառ կատարած ճանաչողական այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը այցլել է Գավառի քաղաքային գրադարան, որտեղ ծանոթացել է գրադարանի գրաֆոնդին, շենքային պայմաններին և իրականացվող միջոցառումների բնույթին: Այնուհետև նախարարը Գավառի բազմաֆունկցիոնալ երիտասարդական կենտրոնում մասնակցել է համերգային ծրագրին, որին ելույթ են ունեցել Գավառի մշակութային հաստատությունների շնորհալիները: Լիլիթ Մակունցը շրջել է կենտրոնում և ծանոթացել կենտրոնի գործունեությանը;Նախարարին ուղեկցել են մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Լիլիթ Մակունցը, բացի վերոնշյալ կառույցները, այցի շրջանակներում եղել է նաև Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, որեղ շրջայց է կատարել

 ծանոթացել արդիականացված թատրոնի պայմաններին և հնարավորություններին:  Նախարարը և մարզպետը զրուցեցել են  թատրոնի տնօրենի և դերասանական անձնակազմի հետ, ովքեր հյուրերին ներկայացրին թատրոնի հին ու նոր պատմությունը,  խոսեցին  իրենց առաջիկա ծրագրերի  և մտահոգող խնդիրների մասին: Դերասանները նախարարին խնդրեցին՝ հնարավորություն ստեղծել  և աջակցել Գավառում թատերական ստուդիա հիմնելու հարցում: Լիլիթ Մակունցը, լսելով բոլոր առաջարկները, նշեց, որ բարձրացված հարցերը նախարարությունում  լրացուցիչ կուսումնասիրվեն  և հնարավորության դեպքում կստանան իրենց լուծումները:    

Զրույցի ընթացքում խոսվել է  նաև նորակառույց թատրոնի հանդիսավոր բացման արարողության  ծրագրի կազմման և մշակման  մասին, որին  կաջակցեն նաև մշակույթի նախարարությունը և Գեղարքունիքի մարզպետարանը: Անդրադառնալով ֆինանսական հնարավորությունների ավելացման հարցին՝  Լիլիթ Մակունցը թատրոնի ղեկավարությանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի հանրապետությունում նախատեսվում է  իրականացնել  մշակութային դրամաշնորհային ծրագրեր, որոնց կարող է մասնակցել նաև Գավառի թատրոնը, իսկ հաջողություն ունենալու դեպքում ձեռքբերված միջոցները  հնարավոր կլինի ծախսել  թատրոնի կարիքների համար: 

Գեղարքունիքի մարզպետը և մշակույթի նախարարը այնուհետև  եղան Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային և Գավառի քաղաքային գրադարաններում: Նրանք ծանոթացան գրադարանների  գրքային ֆոնդերին, զրուցեցին  ընթերցողների հաճախումների, կառույցների շենքային պայմանների և հնարավորությունների շուրջ:

Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանում նախարար  Լիլիթ Մակունցին ներկայացվեցին թանգարանային հավաքածուների պատմությունը: Զրույց ծավալվեց  թանգարանային նմուշների ձեռքբերման, դրանց պահպանման և այլ բնույթի թեմաների շուրջ: 

Հանդիպման ավարտին նախարար Մակունցն իր գոհունակությունը   հայտնեց    Գավառի մշակութային օջախների բարվոք վիճակից ու գործունեությունից, միաժամանակ հավաստելով, որ նման այցելությունները կկրեն շարունակական բնույթ:  «Նախարարությունը պատրաստակամ է՝ աջակցել այն խնդիրների լուծմանը, որոնք էլ ավելի կնպաստեն մարզում մշակութային կյանքի առաջընթացին ու զարգացմանը»,-նշեց նախարարը: