ԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՐԳԵՑԻՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

07.12.2018

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել:

Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ի Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյան (տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ:

Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:

Ավերիչ երկրաշարժի պատճառով տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, անօթևան է մնացել 514 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ:
 
Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4հազ) մարդ: Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ:

 

Երկրաշարժի երեսնամյա տարելիցի կապակցությամբ Գավառ քաղաքում մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն ու, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները ծաղիկներ դրեցին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված հուշաքարին, և մասնակցեցին հոգեհանգստի կարգին, որը մատուցեց Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը: Այնուհետև մոմավառությամբ ոգեկոչվեց բոլոր զոհերի հիշատակը: Արարողություներին մասնակցեցին Գեղաքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: