Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներ Գավառում

24.04.2019

Ապրիլի 24-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում հարգանքի տուրք մատուցվեց  Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Նրանց հիշատակն հավերժացնող խաչքարին    ծաղկեպսակ դրեցին  և ծաղիկներ խոնարհեցին  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի,  մարզային և քաղաքային ենթակայության կրթամշակութային  և առողջապահական հաստատությունների, իրավապահ համակարգի աշխատակիցներ, Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ, դպրոցականներ, բազմաթիվ քաղաքացիներ: ,, Հերթական անգամ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին և դրանով աշխարհին ցույց տալիս, որ մեր ազգի նկատմամբ մեծագույն ողբերգություն է տեղի ունեցել, և այս հարգանքի տուրքով մենք ազդարարում ենք, որ ոչ մի երկիր մյուսների հանդեպ այդպիսի ոճրագործություն թույլ չտա: Մենք վերագտել ենք մեր ուժը և մեր ստեղծագործ աշխատանքով շենացնում  ու հզորացնում ենք մեր հայրենիքը՝  դրանով իսկ ամոքելով անցյալից մնացած մեր վերքերը,,- արարողության մասնակիցներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: 

Ծաղկեդրման արարողությունից հետո Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի կողմից մատուցվեց Բարեխոսության կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Հարգանքի տուրք մատուցվեց նաեւ մոմավառությամբ:

,, 104 տարի անցավ մեր ազգային ողբերգությունից, երբ 1,5 մլն հայ մարդիկ զոհ գնացին մի դիվային ծրագրի, որով նախատեսվում էր թողնել մեկ հայ, այն էլ՝ թանգարանի համար: Այսօր մեր մխիթարությունն է, որ Հոգեհանգստյան կարգի փոխարեն   մատուցում ենք Բարեխոսության կարգ: Սրբադասված  նահատակները  մեզանից յուրաքանչյուրի հարազատներն են կամ արյունակիցները: Այսօր մենք մեր աղոթքն ենք բարձրացնում մեր հարազատ Սրբերին, որպեսզի  նրանք  բարեխոսեն Տիրոջը՝ մեր երկիրը շեն, նորոգ ու խաղաղ պահելու համար: Մենք ուժեղ   ենք մեր հավատով, և այդ ուժը մեզ  հնարավորություն է տալիս՝ շարունակել մեր կյանքը այս երկրի, այս հող ու ջրի վրա, հանուն մեր ժողովրդի բարեկեցության,, -նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը: 

Հայոց  ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի օրվա առթիվ Գավառ քաղաքի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները ներկայացրին Համաստեղի ,,Կարոտ,, ստեղծագործությունը: Այնուհետև Գավառի քաղաքային գրադարանում   տեղի ունեցավ  գրական- երաժշտական հուշ- ցերեկույթ: