Սամվել Քոչարյանցի 110ամյակի առթիվ Գավառում անցկացվեցին միջոցառումներ

27.09.2019

Հայ կոնստրուկտոր, խորհրդային շրջանի ինժեներ–էլեկտրիկՙ տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, ռազմավարական ատոմային և միջուկային զենքի գլխավոր կոնստրուկտոր, ԽՄԿԿ անդամ, մեր հայրենակից /ծնվել է 1909թ., Նոր Բայազետում/ Սամվել Գրիգորի Քոչարյանցի 110 ամյակի առթիվ Գավառում կազմակերպվել էին միջոցառումներ: Քոչարյանցի ազգական Արմեն Ներսիսյանի /եղբոր թոռը/, Մոսկվայի հայկական համայնքի ներկայացուցիչ Տաթեւիկ Մկրտչյանի, Երեւանի եւ Գավառի պետական համալսարանների ներկայացուցիչների, Գավառի կրթամշակութային հաստատությունների, Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն՝ մեծանուն գիտնականի կիսանդրուն, այնուհետև՝ զեկույց-ներկայացում Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում: Այստեղ հանդիսավորությամբ նշվեց Սամվել Քոչարյանցի ծննդյան 110-րդ տարեդարձը, որը նշանավորվեց մեծ գիտնականի ու Գավառի պատվավոր քաղաքացու լուսանկարների ու հավաքածուների ցուցադրության բացմամբ:

Ինչպես բացման խոսքում նշեց Գավառի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը, մեծ գիտնականի 110-րդ տարեդարձին նվիրված ցուցադրության ողջ հավաքածուն թանգարանին է նվիրաբերել Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար, տեխնիկական գիտությունների դոկտոր, բարերար, ծնունդով կարմիրգյուղացի Սուրիկ Նաջարյանը: Մեծահամբավ գիտնական, աշխարհի գերգաղտնի մարդու՝ Սամվել Քոչարյանցի կյանքի եւ գործունեության մասին ընդարձակ զեկուցմամբ հանդես եկավ Գավառի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը:

Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի նախկին տնօրեն, վաստակաշատ մանկավարժ Էմմա Հակոբյանը ներկաներին պատմեց իր եւ Սամվել Քոչարյանցի հանդիպման մանրամասները:

Ըստ տնօրեն Բյուրեղիկ Հովեյանի՝ մեծանուն գիտնականի ցուցադրական անկյունը մշտապես կպահպանվի Գավառի երկրագիտական թանգարանում