ԳԱՎԱՌՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՆ ՀԱՐԳԵՑԻՆ ԾԱՂԿԵԴՐՄԱՄԲ ՈՒ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՎ

07.12.2019

Դեկտեմբերի 7-ին, երկրաշարժի 31-րդ տարելիցի առիթով, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզպետարանի,Գավառի համայնքապետարանի ու ենթակա կազմակերպությունների աշխատակիցները, ավագանու անդամները,մանկավարժներ ու աշակերտներ ծաղիկներ խոնարհեցին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղակայված, երկրաշարժի զոհերի հիշատակն հավերժացնող հուշաքարին: Այնուհետև եկեղեցում, ձեռամբ Գեղարքունյաց թեմի հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի, կատարվեց հոգեհանգստի պաշտոն:

«1988 թվականի այս օրը մեր հայրենիքին բաժին հասավ ծանր աղետը: Հայրը շտապում էր աշխատանքի, զավակները մանկապարտեզ կամ դպրոց էին գնում, մայրը պատրաստվում էր դիմավորել իր սիրելիներին: Սակայն ծանրագույն աղետը ի չիք դարձրեց այս սպասումը՝ խլելով բազմահազար մարդկային կյանքեր: Այդ արհավիրքից անցել է 31 տարի, սակայն, մեր վերքը մնում է անբուժելի: Միակ մխիթարանքն այն եղավ, որ աշխարհը կանգնեց մեր կողքին՝ իր փրկարար ձեռքերով ու գթասիրտ հոգով: Եվ ամեն տարվա այս օրը ապրողներս խոնարհվում ենք Մեծ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի առաջ՝ աղոթք բարձրացնելով նրանց հոգիների փրկության համար»,-նշեց Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը: