ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԸ՝ ՄԱՐԶԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

23.12.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել 2019 թվականին իրականացրած մարզական մասսայական միջոցառումների ամփոփումն ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գավաթներ և հավաստագրեր է հանձնել Հայաստանի մարզերում և Արցախի Հանրապետությունում անցկացված մարզական փառատոնի մրցանակակիր համայնքներին: Փառատոնին մասնակցել են 43 քաղաքային, 5 գյուղական  համայնքներ և Ստեփանակերտը: Հաղթող է ճանաչվել Վանաձորը, երկրորդ տեղը զբաղեցրել է Չարենցավանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գավառը:

Նախարարը գավաթներ, հավաստագրեր  և մարզագույք ձեռք բերելու համար դրամական պարգևներ  (պարգևներով (1-ին տեղ`  450.000 դրամ, 2-րդ տեղ` 350.000 դրամ, 3-րդ տեղ` 250.000 դրամ) է հանձնել նաև Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայի մրցանակային տեղեր զբաղեցրած մարզերին:

Նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով մրցանակակիրներին և մասնակիցներին, ընդգծել է, որ սպորտի մասսայականացումը մնալու է նախարարության առաջնահերթությունների թվում:

Գավառ համայնքից մրցանակաբաշխությանը մասնակցել են Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գավառի մարզադպրոց ՀՈԱԿ-ի տնօրեն Վանիկ Հովեյանը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցներ: