ՍՈՒՐԵՆ ԱԴԻԲԵԿԻ ԱՎԱԳՅԱՆԸ` ԳԱՎԱՌԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ

24.10.2014

Գավառի քաղաքապետարանի և համայնքի ավագանու 2013թ. Թիվ 2 նիստի որոշմամբ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանյան դաշնության գիտության վաստակավոր գործիչ, ամբիոնի վարիչ, սահմանադրական և մունիցիպալ իրավունքի գծով Ռուսաստանի առաջատար գիտնական Սուրեն Ադիբեկի Ավագյանին շնորհվել է Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Գավառ քաղաքը միշտ էլ հպարտացել է իր մտավորականներով, գիտնականներով, մշակութային գործիչներով, որոնք իրենց անցած ուղիով, վաստակով բարձր են պահում մեր քաղաքի  պատիվը հանրապետությունում և նրա սահմաններից դուրս: Սուրեն Ավագյանը նրանցից մեկն է. Իր բեղմնավոր գիտական գործունեության ընթացքում նա  միշտ էլ բարձր է պահել հայի անունն ու պատիվը, միշտ բարձր է գնահատվել Հայաստանի և Ռուսաստանի գիտական շրջանակներում, իրեն դրսևորել է որպես հայրենիքի արժանավոր զավակ: Սուրեն Ավագյանը ծնվել է 1940թ., հիմնական գործունեությունը ծավալել է Ռուսաստանի դաշնությունում:2000թ. Նրան շնորհվել է ՌԴ վաստակավոր գիտական աշխատողի կոչում, 2005-ին պարգևատրվել է “Հայրենիքի համար ծառայության” 2-րդ աստիճանի շքանշանով, 2006թ-ի նրան շնորհվել է Լոմոնոսովի անվան պարգևատրում ՄՊՀ-ում:
Մայիսի 14-ին Գավառի քաղաքապետարանում հանդիսավոր արարողությամբ Գավառի  քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի կողմից Սուրեն Ադիբեկի Ավագյանին հանձնվեց Գավառի պատվավոր քաղաքացու պատվոգիրը: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին քաղաքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, պատվավոր հյուրեր, որոնց մեջ էր նաև իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, մեր համաքաղաքացի Աշոտ Հայկի Խաչատրյանը:Ելույթ ունեցողները մեծարանքի խոսքեր  հղեցին մեր ժողովրդի լավագույն հատկությունները կրող պատվավոր քաղաքացուն: “Բազմաթիվ պարգևատրումներ եմ ստացել  բայց ամենակարևորն ու ամենաթանկը ինձ շնորհվեց այսօր ” նշեց Սուրեն Ավագյանը:
Գավառի քաղաքապետարանի կողմից պատվավոր քաղաքացուն նվիրվեց նաև Գավառի Երկրագիտական թանգարանի գիտաշխատող, գրքի հեղինակ Հասմիկ Հովեյանի` վերջերս  լույս տեսած “Իմ Պայազատը” գիրքը: